Երջանկությունը իմ ձեռքերում է․ մաս 2

Մեզ սովորաբար թվում է, թե երջանիկ լինելու համար պետք է փոխել անցյալը և իմանալ ապագան: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ

իսկական երջանկությունը գտնվում է միմիայն ներկայում և կախված է ներկա պահին մեր կատարած ընտրություններից: Այն նաև կախված է ոչ թե արտաքին հանգամանքներից, ինչպես շատերս ենք կարծում, այլ դրանց նկատմամբ ունեցած մեր մոտեցումներից:

Հոդվածի առաջին մասում մենք բացահայտեցինք, որ երջանկությունը մեր ձեռքերում է, մեր մտքերում ու մեր շուրթերին: Եթե դեռ առիթ չեք ունեցել պարզելու, թե ինչպես, կարող եք հետևել այս հղմանը և հայտնաբերել երջանկության այդ պարզ բանաձևերը:

Առաջատար գիտահետազոտական կենտրոնների կատարած հետաքրքիր գիտափորձերն ու ուսումնասիրությունները, մարդկանց բազմամյա կենսափորձը գալիս են հեշտացնելու մեր կյանքը՝ առաջարկելով մի շարք պարզ սովորույթներ, որոնք կօգնեն բարձրացնել երջանկության հորմոնների քանակը մեր օրգանիզմում: Կարծում եմ՝ արժե փորձել.

Զբոսանք․ ինչպես ասել է մի հայտնի փիլիսոփա, զբոսանքը հանճարեղ մտահղացումների աղբյուր է: Այս փաստը հիմնավորել է նաև գիտությունը. ֆիզիկական վարժանքից արտադրված ուղեղի քիմիկատները օգնում են մարդուն ավելի լավ մտածել: Փաստորեն համաչափ քայլելը հստակեցնում է միտքը և էներգիա հաղորդում օրգանիզմին:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանոնավոր  10-15 ր. զբոսանքները նվազեցնում են սթրեսը, բարձրացնում տրամադրությունը և ակտիվացնում մարմնի վերականգնողական ազդակները: Մեկ այլ գիտական աղբյուր հաղորդում է, որ նվազագույնս օրական 10 000 քայլ անելը մարդուն պահում է առողջ և կանխարգելում գիրացումը:

Այս ամենին ավելացնում ենք ընդամենը 5ր.ցերեկային բնական լույս (գիտնականները պնդում են, որ լույսի բացակայությունը հոգնածության պատճառ է  հանդիսանում) և մեզ լավ տրամադրություն հաղորդող սերոտոնին և դոպամին քիմիկատները սկսում են ակտիվորեն արտադրվել օրգանիզմում:

Չավարտված առաջադրանքները խլում են մեր ուժերը և մեզ ստիպում են ինքներս մեզ մեղավոր զգալ: Երբեմն նույնիսկ առաջադրանքը կատարելու ամենադժվար մասը այն սկսելու որոշում կայացնելն է: Մեր տրամադրությունը կառավարելը երջանկության ամենակարևոր գրավականներից է և հետազոտությունները վկայում են, որ տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցներից է մի պարզ գործում հաջողություն արձանագրելը, ինչպիսին է օրինակ հետաձգված մի գործ ավարտին հասցնելը:

Շատերը ապշել են մտավոր էներգիայի այն հոսքից, որը գալիս է անտեսված առաջադրանքները  ավարտին հասցնելուց:

Ավելի կենսուրախ զգալու համար՝ «վարվիր այնպես, ինչպես ուզում ես զգալ»: Սա երջանկության փնտրտուքներում հայտնաբերված այն ոսկի կանոններից մեկն է, որ մարդ կարող է սովորել ու կիրառել. Չնայած մենք ենթադրում ենք, որ վարվում ենք այս կամ այն ձևով՝ ելնելով նրանից, թե ինչպես ենք մեզ զգում, սակայն հաճախ մենք զգում ենք այս կամ այն կերպ՝ ելնելով նրանից, թե ինչպես ենք վարվում: Դրա վառ օրինակներից է դիտավորված (ոչ ինքնաբուխ) ժպիտի գիտափորձը, որը ինքնաբուխ ուրախ զգացումներ է առաջացնում:

Ազատվի՛ր անցյալից և արժևորի՛ր ներկան. Դու երբեք չես կարող  վերադառնալ անցյալի իրադարձություններին և դեպքերին: Այն օրը, երբ անցար դրանց միջով, հավերժ մնացել է անցյալում: Այն ինչ անցյալում է, սակայն դեռ հետապնդում է մեզ՝ վախ ու հուսահատություն պատճառելով, չնայած որ եղել է, արդեն ավարտվել է: Եթե այնցյալի ինչ-որ միջադեպ կամ պատահար դեռ անհանգստություն է պատճառում քեզ, արա՛, ինչ կարող ես՝ դրա միջով անցնելու համար և մեկընդմիշտ բաց թող այն քո մտքերից ու ներկայից: Դու՛ և միա՛յն դու ես դրան քեզ վրա իշխելու զորություն տալիս: Արձակի՛ր այն և փոխարենը կենտրոնացի՛ր ներկա պահի վրա: Հենց հիմա ուշադրությունդ սևեռի՛ր այն բանի վրա, թե որտեղ ես դու և ինչով ես զբաղված: Ուշադրություն դարձնելով և լիովին ներկա լինելով կյանքիդ յուրաքանչյուր րոպեում՝ դու իրապես կապրես և լավագույնը կքաղես դրանից: Սա՛ է երջանկությունը:

Ի՞նչ ընտություններ ես կատարում առօրյա կյանքում, յուրաքանչյուր օր: Արի՛ ու տես, որ քո առօրյա ամենաչնչին թվացող ընտրություններն իրենք են ցույց տալիս տալիս, թե դու երջանի՞կ ես, թե՞ ոչ: Քո կատարած ամենօրյա ընտրությունները մի օր դառնում են սովորույթ` հաճախակի կրկնվող գործողություններ, որոնք էլ փաստորեն ակամայից որոշում են քո կյանքի ընթացքը: Երջանկությունը քո ձեռքերում է:

Մտածի՛ր այս մասին․․․

 

Քրիստինա Սիմոնյան

Comments

comments