Ուսուցչուհին նստել էր ծովափին, հանգստանում էր երկարատև էքսկուրսիայից հետո: Նա սենդվիչ էր ուտում և դիտում, թե ինչ է կատարվում լողափում:
Մոտ վեց տարեկան երկու տղա միասին խաղում էին: Նրանք վազվզում էին, ծիծաղում, բայց այդ ամենից փոքր-ինչ հոգնելով՝ ուսուցչուհուց ոչ հեռու նստեցին կողք կողքի և սկսեցին զրուցել:
Հնարավոր է՝ նրանք նոր-նոր էին ծանոթացել (երեխաները հեշտությամբ են ընկերանում արձակուրդների ժամանակ):
Վերջապես նրանցից մեկը մյուսին ասաց.
— Դու, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու: Ես ուզում եմ նեյրովիրաբույժ դառնալ:
— Ես չգիտեմ. երբեք դրա մասին չեմ մտածել: Գիտե՞ս, ես էնքան էլ խելացի չեմ:
Քամին փախցրեց նրանց խոսակցության ձայնը, իսկ ուսուցչուհին սկսեց մտածել այն մասին, թե երկրորդ տղան որտեղից է ձեռք բերել սահմանափակ հավատը սեփական հնարավորությունների նկատմամբ: Հնարավոր է՝ մեկ այլ ուսուցչից: Կամ ծնողներից:
Նա վեց տարեկան է, և եթե իր կարծիքը չփոխի, կամ էլ ինչ-որ մեկ ուրիշը չօգնի նրան փոխել իր տեսակետը, ապա դա բացասական ազդեցություն կգօրծի նրա կյանքի վրա՝ սահմանափակելով նրա հավատը սեփական հնարավորությունների նկատմամբ, կաշկանդելով նրա պոտենցիալը:
Համոզմունքները ճշմարտություն չեն: Դրանք կառուցվում են մեր շրջապատի կողմից, որը կազմակերպում է մեր վարքը:
Մեզանից յուրաքանչյուրը գործում է այնպես, ասես այդ համոզմունքներն իսկություն լինեին: Եվ այդ պատճառով էլ մեր բոլոր համոզմունքներն ինքնաիրացվող մարգարեությունների սկզբունքով հաստատվում են, դառնում «ճշմարիտ», անկախ այն բանից՝ դրանք սահմանափակո՞ւմ են, թե՞ նոր հնարավորություններ են բացում: