Մտքի ուժը (մաս 1)

20-րդ դարի բրիտանացի փիլիսոփա Ջեյմս Ալենն ասել է. «Այն ամենը, ինչին մարդ հասնում է կյանքում, և ինչին այդպես էլ չի կարողանում հասնել, նրա սեփական մտքերի ուղղակի արդյունքն է»: Մեր մտածելակերպը շատ ավելի զորեղ է, քան մենք ենք հաճախ կարծում: Մեր մտքերը ազդում են մեր ողջ գոյության վրա` թե դրական, և թե բացասական առումներով: Դրանք ազդում են մեր փոխհարաբերությունների, սեփական անձի ընկալման, առողջության (ֆիզիկական, հուզական և հոգևոր), ֆինանսների, աշխատանքում և ընտանիքում մեր արդյունավետության, մեր ժամանակն ու նախապատվությունները տնօրինելու եղանակների և կյանքը վայելելու կարողության վրա:

Իսկապես, շատ քիչ մարդիկ են գիտակցում, որ նրանք իրենց մտքերն ընտրելու կարողություն ունեն, այլ կերպ ասած` մենք կարողություն ունենք որոշելու` ինչ մտածել: Մեզանից շատերը պասիվորեն մտածում են այն, ինչ գալիս է իրենց մտքին: Հասկանալի է, որ միշտ ճիշտ մտքեր ընտրելը ամենևին էլ հեշտ գործ չէ:

Օլիմպիական չեմպիոն, ոսկե մեդալակիր Սքոթ Համիլտոնի կարծիքով. «Կյանքում միակ անկարողությունը բացասական մոտեցումն է»: Սա ճշմարտություն է: Ոչինչ քեզ կյանքում հետ չի պահի կամ անդամալույծ չի անի այնպես, ինչպես բացասական մոտեցումը: Երբ օգտագործում եմ «մոտեցում» բառը, ես նկատի ունեմ մտքերի այն համակարգը կամ ամբողջությունը, այն մտածելակերպը, որով մարդը մոտենում է կյանքին: Օրինակ` եթե մարդն իր աշխատանքի հանդեպ ունի բացասական մոտեցում, նա նմանատիպ մտքեր կունենա.

  • Իմ աշխատանքը ամենաձանձրալի աշխատանքն է երկրի երեսին
  • Ղեկավարս չափից դուրս պահանջկոտ է
  • Ընկերությունը պետք է ինձ ավելի շատ վճարի և ավելի լավ վերաբերվի
  • Ինձ ավելի շատ արձակուրդ պետք է տրամադրվի
  • «Սև գործը» միշտ ինձ է բաժին ընկնում
  • Ոչ ոք այստեղ ինձ չի գնահատում
  • Ես ստիպված եմ աշխատել ինձ շրջապատող մարդկանց հետ, սակայն ստիպված չեմ բարեհամբույր լինել նրանց հետ

Բոլոր այս մտքերը միասին վերցրած, կազմում են չափազանց վառ արտահայտված բացասական մոտեցում: Ինչպե՞ս կարող է ամբողջ օրը նման մտքերով լցված անձը հաճույք ստանալ իր աշխատանքից, դառնալ դրական աշխատող, կամ արժեքավոր ներդրում անել այդ ընկերությունում. իհա՛րկե չի կարող, մինչև չփոխի իր մտքերը և իր մեջ չզարգացնի դրական մոտեցում: Եթե նույնիսկ քո գործատուն փոխվելու և մի շարք ոլորտներում բարելավվելու կարիք ունի, պետք է գիտակցես, որ բացասական տրամադրվելով աշխատանքիդ, դու չես փոխում քո գործատուին, բայց փոխում ես քո մոտեցումը կյանքին, որն օրեցօր ուժասպառ է անում քեզ:

Կարծում ես վերը նկարագրված անձը լավ թեկնածու կլինի՞ պաշտոնի կամ աշխատավարձի բարձրացման համար, անշուշտ` ոչ:

Իսկ ի՞նչ կասես այն անձի մասին, ում մոտեցումը կառուցված է հետևյալ մտքերի վրա.

  • Ես այնքան գոհ եմ, որ աշխատանք ունեմ:
  • Ես լավագույնս կաշխատեմ յուրաքանչյուր օր:
  • Ես ուրախ եմ` լինելով մեր աշխատանքային թիմի մի մասնիկը, չնայած՝ մեզանից ոչ ոք կատարյալ չէ:
  • Աշխատանքային միջավայրը կարող է իդեալական չլինել, սակայն ես իմ բաժին ներդրումը կանեմ` այն հաճելի դարձնելու ինչպես իմ, այնպես էլ ինձ շրջապատողների համար:
  • Ես լուրջ տրամադրված եմ` կենտրոնանալու և կատարելու ինձ հանձնարարված աշխատանքը, քանի դեռ աշխատավայրում եմ:
  • Ես կցանկանայի պաշտոնի կամ աշխատավարձի բարձրացում ունենալ. դրա համար լավ կաշխատեմ` դրանց արժանանալու համար:

Անկասկած այս անձի դրական մոտեցումը մեծապես կնպաստի ընկերությունում նրա առաջխաղացմանը, և եթե նա նմանատիպ մոտեցում ունի նաև այլ ոլորտներում, նա կապրի երջանիկ ու բավականութուն կստանա իր կյանքից: Եվ եթե նույնիսկ այս անձի գործատուն այդպես էլ ըստ արժանվույն չգնահատի նրան, կորցնողը գործատուն է, քանի որ դրական մոտեցմամբ մարդը անպայման կգտնի իր տեղը մեկ այլ ընկերությունում:

Քեզ համար չափազանց կարևոր է հասկանալ, որ դու կարող ես ընտրել քո սեփական մտքերը: Գուցե դու կամ ես սովորություն ունենք մտածելու այն, ինչ գալիս է մեր մտքին, սակայն մենք կարող ենք «վերադաստիարակել» մեր մտքերը` սկսելով մեկ մտքից, քայլ առ քայլ: Այստեղ գաղտնիքը մտքերն ընտրելու մեջ է: Որոշ փորձագետներ ասում են, որ նոր սովորույթ ձևավորելը մեկ ամիս է պահանջում: Այլոք կարծում են` երեք շաբաթը բավական է: Հավանաբար դու կարող ես հրաժարվել հին սովորույթներից և զարգացնել նորերը շատ ավելի արագ, կամ քեզանից պահանջվի ավելի շատ ժամանակ, քան սահմանել են փորձագետները: Բայց կարևորը` դա հնարավոր է:

Օրինակ` եթե ես սովորություն ունեմ տրտնջալու կամ սթրես տանելու ամեն ամսվա այն օրը, երբ ստիպված եմ մարել իմ մեծ պարտքը, ես կարող եմ սկսել այսպես մտածել. «Ամեն անգամ ես հնարավորինս շատ եմ վճարելու և ահա կամաց-կամաց ես մոտենում եմ պարտքիս մարմանը»:

Առաջատար նյարդամետակոգնիտիվ ուսուցման մասնագետ Քերոլայն Լիֆը, ըստ որի «մարդու ուղեղն իր մտքերի տունն է», ասում է, որ եթե մարդու ուղեղի աճի համար պահանջվում է տասնութ տարի, ապա հասունացման համար` մի ամբողջ կյանք: Բաց չթողնե՛ս այս կարևոր միտքը: Ըստ գիտական հետազոտությունների`որ տարիքում էլ լինես, քո ուղեղը հասունացման մեջ է: Սա հիանալի նորություն է, քանի որ նշանակում է, որ դու և ես ստիպված չենք մեր որևէ հին կամ սխալ մտածելակերպի գերին լինել:

Մեր ուղեղը դեռ հասունանում է, հետևաբար մենք դեռ կարող ենք փոխել մեր մտածելակերպը:

Մտածի՛ր. Ո՞րն է քո կարծիքով այն կարևորագույն միտքը կամ մոտեցումը, որը կարիք ունես փոխելու քո կյանքում:

Քրիստինա Սիմոնյան

Comments

comments