Ինչպե՞ս ձեռք բերել ներքին խաղաղություն կոնֆլիկտի ժամանակ. մաս 2

Այս հոդվածի առաջին մասում մենք ծանոթացանք ներման օգուտներին:

Հիմա կծանոթանանք 11 գործնական քայլերի, որպեսզի կարողանանք ներել:

1․ Գնահատեք Ձեզ և իրավիճակը

Շատ կարևոր է, որ Դուք ճիշտ գնահատեք Ձեր զգացմունքները և դրանք ճիշտ արտահայտեք մարդկանց հանդեպ: Ներելու համար պետք է ճիշտ գնահատել՝ արդյո՞ք տվյալ իրավիճակը կամ անձը իրոք քեզ ցավ է պատճառել, արդյո՞ք դա եղել է դիտավորյալ քայլ: Այսինքն պետք է կողքից դիտարկել հասցված վիրավորանքը՝ դրան գնահատական տալու համար:

2. Փորձեք լինել լավատես

Սա դժվար բան է, բայց ամեն բան պետք է անել՝ լավատես լինելու և դրական մոտեցում ունենալու համար: Հիշեք, որ ներումն ունի հոգեբանական ազդեցություն: Կյանքի հանդեպ լավատես մարդիկ ավելի հեշտ են ներում, և այդ լավատեսությունը վարակիչ ազդեցություն է թողնում դիմացինի վրա:

3. Գտեք խաղաղություն

Խաղաղությունը օգնում է ճիշտ կառավարել միտքը: Սա չի նշանակում հանդուրժել սխալ արարքները, այլ պարզապես չմեղադրել քեզ վիրավորողին և կյանքից դաս քաղելով՝ նոր կյանքի պատմություն սկսել: Երբ փորձում ես ներել, ներքուստ թուլացնում ես քո հոգեկան լարվածությունը և խաղաղվում ես: Ներելով՝ մենք չենք հանդուրժում սխալ արարքները, այլ փորձում ենք դիմացինին տալ ևս մեկ հնարավորություն՝ մտերիմ կամ ընկերային հարաբերություն ստեղծելու համար:

4. Ճանաչեք սեփական զգացմունքները

Պետք է գիտենալ, որ Ձեր վշտերի կամ մտահոգությունների պատճառը կարող են լինել Ձեզ հասցված վիրավորական մտքերը և զգացմունքները, քան թե նրանք, ովքեր ձեզ վիրավորել են: Մեզ ցավ է պատճառում արարքը, որը գրեթե միշտ կապվում է անձի հետ: Նույն անձը կարող է մեկ ուրիշ անգամ ուրախություն պատճառել: Ուրեմն մենք փորձում ենք ներել վիրավորական միտքն ու հույզը:

5. Հանգստացեք

Փորձեք մի քանի գործնական քայլերով թուլացնել լարվածությունը, դա կարող է լինել խորը շունչ քաշելը, ուրախ ամսագրեր կարդալը, ծիծաղելը: Սա կօգնի նվազեցնել կռվելու ցանկությունը:

6. Եղեք իրատես

Եղեք լավատես և իրատես: Փորձեք հնարավորինս կառավարել Ձեր հույզերը: Զգացմունքային մարդիկ սովորաբար ստացած ապրումները բազմապատկում են և իրենց երևակայությամբ ավելի բարդացնում: Իրատես լինելով՝ կարելի է ճիշտ ու արագ լուծում փնտրել ստացած վիրավորանքի կամ հարվածի համար: Փորձեք չբարդացնել իրավիճակը և ներելով՝ վերջ դրեք Ձեր սրտի մեջ եղած ցավին:

7. Կառուցողական դարձրեք Ձեր ջանքերը

Ատելությունը և շարունակական զայրույթը վատնում են Ձեր էներգիան և միջոցները: Փոխարենը ներդրեք Ձեր ջանքերն այն մեթոդների ու գործընթացների մեջ, որոնք կօգնեն՝ հասնելու նոր նպատակների: Այն նաև կօգնի, որպեսզի հաղթահարեք վիրավորանքն ու ցավը: Աշխատեք կատարել ուրախություն և երջանկություն պարգևող գործեր:

8. Ապրեք կյանքը

Ապրեք կյանքը, և ապրեք այն գեղեցիկ: Բաց մի թողեք ամեն լավ առիթ՝ Ձեր կյանքը գեղեցկացնելու համար: Ժամանակ անցկացրեք ընկերների, ընտանիքի անդամների, երեխաների և այլոց հետ: Կենտրոնացեք կյանքի գեղեցկության վրա, ոչ թե՝ վիրավորված ապրումների:

9. Փոխեք Ձեր կյանքի պատմությունը

Կյանքի վախերը կարելի է հաղթահարել՝ դրանց դեմ առ դեմ կանգնելով, դրական հարաբերություններ կառուցելով, քննարկելով, ինչպես նաև կիսվելով վատ հույզերն ու ապրումները մտերիմների ու ընկերների հետ:

10. Եղեք երջանիկ

Երջանկությունը կարևոր է, քանի որ այն բարեփոխում է Ձեր տրամադրությունը և ապագան դարձնում գեղեցիկ: Օրինակ՝ կարող եք.

  • նոր ընկերներ ձեռք բերել,
  • գնահատել Ձեր ունեցածն ու գոհանալ, թե որքան առավելություններ ունեք Դուք
  • շփվել երեխաների, ընկերների, կոլեգաների հետ
  • բարի և անկեղծ մարդասիրություն դրսևորել մարդկանց հանդեպ

11. Մտածեք ապագայի մասին

Թող Ձեր ապագայի մտքերը ոգեշնչված լինեն, լինեն քաջալերող և առաջ տանող: Մի թողեք, որ Ձեր սրտի վրա բեռի նման լինի վիրավորանքը, ազատվեք այդ բեռից:

Սա շատ անձնական բան է, բայց գիտեմ մի բան, որ արժե փորձել: Վերջիվերջո ներումը բուժում է միտքը, սիրտը և մարմինը:

Կարեն Մանուկյան

Comments

comments