Սնուցե՛նք մեր փոխհարաբերությունները (մաս 1)

Անձնական փոխհարաբերությունները ամենաթանկագին պարգևն են, որ մենք ունենք:

Մեր կյանքը հարստանում է ընտանիքի և ընկերների շնորհիվ: Մեզ օգնում են մեր ծնողները, քույրերն ու եղբայրները, ընկերներն ու ուսուցիչները, ղեկավարները, կոլլեգաները և այլոք:

Մենք ուղղակի չէինք կարող գոյատևել կամ իմաստալից կյանքով ապրել, եթե չլինեին անթիվ մարդկանց ներդրումները մեր կյանքում:

Մենք այլոց կարիքն ունենք, երբ դժվարության մեջ ենք: Մենք ցանկանում ենք մեր ուրախություններն ու տխրությունները կիսել մեզ մոտ մարդկանց հետ: Մենք մեր ղեկավարների և կոլլեգաների կարիքն ունենք՝ մեր աշխատանքում մեզ օգնելու և նեցուկ լինելու համար: Մենք, անկասկած, ունենք մեզ շրջապատող մարդկանց խորհուրդների և քաջալերանքի կարիքը:

Մենք միմյանց կարիքն ունենք: Ոչ մի մարդ արարած չի կարող միայնակ գոյատևել, եթե նույնիսկ նրան տրամադրվեն ֆիզիկական գոյության համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները:

Մարդիկ, ում հետ մենք դրական փոխհարաբերություններ ունենք, օգնում են մեզ մեր կարիքներում և նպաստում մեր անձնական աճին և զարգացմանը: Դրական և առողջ փոխհարաբերությունները կառուցողական ներդրում են կատարում մեր կյանքում:

Դժբախտաբար, հակառակը նույնպես ճիշտ է: Թունավոր փոխհարաբերությունները մեզ ցավ և հուսահատություն են պատճառում: Մեզ նորոգելու փոխարեն, դրանք քանդում են մեզ` փոխադարձ ցավ և անհանգստություն պատճառելով: Թշնամիները մեր դեմ են աշխատում` խոչընդոտելով մեր` հաճելի և բավականություն պատճառող կյանքով ապրելու բոլոր ջանքերը:

Ընկերներ ունենալը լավ է, թշնամիներ` վատ: Սա կյանքի շատ պարզ ճշմարտություն է:

Հետևաբար, դու ուզում ես որքան հնարավոր է շատ լավ փոխհարաբերություններ ունենալ և հնարավորինս քիչ թշնամիներ: Փոխհարաբերությունները նման են պարտեզների: Դրանք մշտական աշխատանքի և խնամքի կարիք ունեն: Գեղեցիկ պարտեզ ունենալու համար դու պետք է ջրես այն, արմատախիլ անես մոլախոտը, կտրես չոր ճյուղերը և այլն: Նույնը վերաբերում է փոխհարաբերություններին: Մենք պետք է քրտնաջան աշխատենք` դրանք զարգացնելու և փայփայելու համար:

Սթիվեն Քովին իր «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելլեր գրքում բերում է բանկային հաշվի օրինակը: Յուրաքանչյուր փոխհարաբերություն նման է բանկային հաշվի: Յուրաքանչյուր դրական ներդրում, ինչպիսիք են բարի գործերը, հոգատարությունը, նման է բանկային դեպոզիտի` այն ավելացնում է քո բալանսը: Մյուս կողմից յուրաքանչյուր բացասական գործողություն, ինչպիսիք են թունավոր խոսակցությունները, վիրավորանքները և դիմացինի կարիքների հանդեպ անտարբերությունը, տանում է սնանկացման` նվազեցնելով քո ունեցած ողջ գումարը :

Ուժեղ և առողջ փոխհարաբերություններ կառուցելու համար պետք է դեպոզիտ անել փոխհարաբերությունների հաշվին և նվազագույնին հասցնել հաշվից գումար հանելը:

Հարութ Ներսեսսյան

Comments

comments