Ի՞նչ է ուշադրությունը

Մարդու իմացական գործընթացները, հոգեկան ակտիվությունն ընդհանրապես, ունի մի ներքին հատկություն, որն անվանում են ուշադրություն:

Ուշադրություն դարձնել ինչ-որ առարկայի վրա` նշանակում է հոգեկան գործունեությունն ուղղել դեպի այդ առարկան՝ վերջինիս դարձնելով մեր իմացական և հուզական գործընթացների բովանդակությունը:

Եթե մարդն ունի որևէ ակտիվացված պահանջմունք­­­ (օրինակ՝ սնվելու, ծարավը հագեցնելու, իմացական, ինքնահաստատման և այլն), իր ուշադրությունն ինքնաբերաբար գրավում են այն երևույթները, որոնք նրա համար նշանակալից են, այսինքն կարող են բավարարել նրա այս կամ այն պահանջմունքը:

Օրինակ`սնվելու պահանջմունքի կոնկրետ դրսևորման՝ քաղցի ազդեցության տակ մարդը հատկապես ուշադիր է դառնում սննդամթերքի նկատմամբ։ Սնունդը նրա համար հատուկ նշանակություն է ստանում, դառնում է նշանակալի,  և դրանով իսկ, առանց հատուկ նպատակադրման ու ջանքերի, գրավում է մարդու ուշադրությունը․ այսպիսով, երբ մարդն ունի զարգացած իմացական պահանջմունք, իր ողջ ուշադրությունն ուղղում է այդ պահանջմունքի  բավարարմանը: Նույնիսկ փողոցում լինելու դեպքում, կենտրոնացնելով ողջ ուշադրությունը, կփնտրի մոտակա կրպակն ուտելու ինչ-որ բան գտնելու համար, կամ երբ անձը պահանջմունք ունի կրթվելու` համացանցում հազարավոր այլնտրանքների միջից կնկատի մի հետաքրքիր հոդված և կընթերցի այն մեծ ուշադրությամբ:

Այսպիսով,  եթե մարդն ունի որևէ ակտիվացված պահանջմունք, ապա նա կարող է որոնել ու գտնել, ուշադրության առարկա դարձնել այն ամենը, ինչը  կարող է  բավարարել այդ պահանջմունքը:

Իսկ երբ մարդն իր ուշադրությունը  կենտրոնացնում է որոշակի  առարկաների վրա, ապա դրանց ընկալումը դառնում է ավելի հստակ ու մանրամասն:

Փաստորեն կենտրոնացված  ուշադրությամբ  ուղեկցվող  մտածողությունը  մարդուն ավելի շատ ինֆորմացիա է տալիս`օգնելով հայտնաբերել  առարկայի կամ երևույթի ավելի խորը, անմիջական ընկալման համար անմատչելի  հատկություններ :

Այսպիսով, ուշադրությունն անհրաժեշտ է  անձի  համար էական նշանակալից օբյեկտների վրա հոգեկան գործունեությունը ընտրականորեն ուղղելու, ժամանակավորապես այլ երևույթներից կտրվելու և  իր գործունեության նպատակներին հասնելու համար:

Ուշադրությունը լինում է ներքին և արտաքին, ոչ կամածին, կամածին և հետ կամածին։

Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունները, սեփական ապրումներն ու մտքերը։

Այն երբեմն անվանում են ինտելեկտուալ (բանական) ուշադրություն։

Օրինակ, որևէ խնդիր լուծելիս մարդն իր ուշադրությունը կարող է այնպես կենտրոնացնել նրա բովանդակության վրա, որ գիտակցության մակարդակում կտրվի շրջապատից և արտաքին աշխարհի երևույթներից։

Եթե ներքին ուշադրության օբյեկտները մարդու հիշողության բովանդակություններն են, հուշերը, ապա նա կարող է խոր հուզականությամբ վերապրել դրանք, «մտքով տեղափոխվել անցյալ» և չնկատել, թե ինչ է կատարվում շրջապատում ։

Արտաքին ուշադրությունը  մարդու ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները ։

Այն երբեմն անվանում են զգայական`սենսորային ուշադրություն, որն էլ իրագործվում է զգայարանների օգնությամբ։

Մարդու կյանքում հատկապես կարևոր են տեսողական և լսողական ընկալումները, և մենք կարող ենք խոսել տեսողական և լսողական ուշադրության գոյության մասին։

Օրինակ՝ մենք ուշադրությամբ լսում ենք ինչ-որ ձայներ կամ ուշադրությամբ նայում ենք ինչ-որ բանի, այսինքն մենք մեր հոգեկան ուղղվածությունն ենք հանդես բերում այդ տեսակներն իրագործելիս։

Այսպիսով ներքին և արտաքին  կենտրոնացված ու կայուն ուշադրությունն անհրաժեշտ է բարձր կարգի իմացական գործունեության՝ բարդ խնդիրների լուծման, ստեղծագործելու արդյունավետ ընթացքի համար։

Կյանքի ամենատարբեր հանգամանքներում մենք ստիպված ենք լինում կատարել գործունեության այնպիսի տեսակներ, որոնք մեզ համար անմիջական հետաքրքրություն չեն ներկայացնում և ոչ կամածին ուշադրություն չեն առաջացնում։ Նման դեպքերում մենք վճիռ ենք կայացնում այդ գործունեությունը կատարելու համար, գիտակցորեն որոշում ենք նպատակները և անցնում իրագործման։

Ընտրելով գործունեության այս տեսակը` մենք ջանքեր ենք գործադրում ուշադրությունը նրա վրա կենտրոնացնելու և կողմնակի գրգռիչներից` oրինակ՝ առարկաներից, մարդկանցից, գործերից, նույնիսկ մեր այն ցանկություններից, որոնք տվյալ հանգամանքներում տեղին չեն, հոգեբանորեն հեռանալու համար։ Փաստորեն ուշադրությունը տևականորեն նույն առարկայի վրա կենտրոնացված պահելու համար անհրաժեշտ են մշտական կամային ճիգեր, հատկապես, երբ շրջապատում կան ուժեղ և կողմնակի գրգռիչներ՝ գրավիչ օբյեկտներ, աղմուկ և այլն։

Այսպիսով, ուշադրության այն տեսակը, որը ստեղծվում է գիտակցորեն և կամային ջանքերի օգնությամբ, կոչվում է կամածին կամ կանխամտածված ուշադրություն։

Կամածին ուշադրության վրա ազդեցություն են գործում նաև անձի նախկին փորձն ու գիտելիքները, նրա հետաքրքրություններն ու զգացմունքները, սոցիալական և այլ դիրքորոշումները։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նպատակադրումը, որը և, ի վերջո, հանգեցնում է նպատակի իրագործմանն ուղղված գործունեության վրա ուշադրության կամածին կենտրոնացմանը, անձի բնորոշ գծերի և մոտիվացիայի դրսևորում է։

Մարդու բնական, ամենօրյա կենսագործունեության ընթացքում ուշադրության կամածին և ոչ կամածին տեսակները կարող են հանդես գալ միասին, գործունեության ընթացքից կախված կարող են անցումներ կատարվել մեկից մյուսը։

Օրինակ՝ երբ սկսում ենք նպատակաուղղված կարդալ մասնագիտական հոդված, արդյունքում ձևավորված հետաքրքրության շնորհիվ կամածին ուշադրությունից անցում ենք կատարում ոչ կամածին ուշադրության։

Այսպես են անվանում ուշադրության այն  տեսակը, որն առաջ է գալիս  մարդու կամքից անկախ, ինքնաբերաբար, առանց գիտակցական նպատակադրման։

Ուշադրության այս տեսակը որոշ հեղինակներ անվանում են նաև պասսիվ կամ հուզական ուշադրություն։ Այն դրսևորելիս մարդը ճիգեր չի գործադրում։ Դա ուշադրության պարզագույն տեսակն է։

Օրինակ՝ բարձր ձայնը, պայծառ լույսը, ուժեղ ցնցումն ինքնաբերաբար գրավում են մեր ուշադրությունը։ Շատ խոշոր առարկաները ևս գրավում են մարդկանց ուշադրությունը կամ, եթե որևէ ձայն շատ երկար է հնչում, բայց ընդհատումներով, ապա հետաքրքրություն է առաջ բերում իր նկատմամբ։

Մեծ ուշադրություն է գրավում նաև շարժումը։ Ընդանրապես շարժվող առարկաներն ավելի հաճախ են ոչ կամածին ուշադրություն առաջ բերում, քան անշարժ օբյեկտները։

Ոչ կամածին ուշադրություն գրավող հանգամանք է ոչ այնքան գրգռիչի անընդմեջ ազդեցությունը,այլև նրա դադարը, անհետացումը։ Օրինակ, եթե որևէ ձայն, անդադար հնչելով մեզ համար սովորական է դառնում, ապա մենք այլևս նրա վրա ուշադրություն չենք դարձնում, բայց երբ ձայնը հանկարծ լռում է, ապա մենք միանգամից և անկախ մեր կամքից  ուշադրություն ենք դարձնում այդ հանգամանքի վրա։

Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող հետաքրքրական գործոն է նաև մարդու կենսափորձը՝ սովորությունները, գիտելիքները, մասնագիտական հետաքրքրությունները, ուղղվածությունը։

Կենսափորձի ազդեցության տակ մարդ կարող է ուշադրություն դարձնել այնպիսի հանգամանքների վրա, որոնք տվյալ պահին նրա պահանջմունքների հետ անմիջականորեն կապված չեն։

Օրինակ, մասնագիտական փորձի և ուղղվածության ազդեցության տակ մարդը կարող է ինքնաբերաբար ուշադրություն դարձնել այնպիսի երևույթների  վրա, որոնք չունեն ոչ մեծ ուժ, ոչ էլ կոնտրաստ։ Փորձի առկայությունը մարդու համար շատ երևույթներ հետաքրքիր և հասկանալի է դարձնում, և դրանով իսկ նպաստում է  դրանց նկատմամբ ոչ կամածին ուծադրության  առաջացմանը։

Ոչ կամածին ուշադրություն առաջ բերող հատկանիշների թվում  առաջնակարգ տեղ է գրավում նաև առարկայի, երևույթի, գործընթացի նորույթ լինելը, քանի որ ամեն մի նոր բան հետաքրքիր է մարդկանց համար և ուշադրություն է գրավում։ Սակայն եթե  գրգռիչը մարդու համար սովորական է դարձել, նա այլևս ուշադրություն չի դարձնում դրա վրա և պատասխան վարք չի դրսևորում, քանի որ տևական ու անընդհատ ազդեցությունն անտարբերություն առաջ բերող հանգամանք է։

Ուշադրության տեսակներից վերջինը կոչվում է հետկամածին ուշադրություն։

Այն ունի այնպիսի գծեր, որոնց մի մասը հատուկ է կամածին ուշադրությանը, իսկ մյուս մասը՝ ոչ կամածին ուշադրությանը։ Սակայն, ընդհանուր առմամբ, այն չի համընկնում դրանցից որևէ մեկի հետ։

Ի տարբերություն ոչ կամածին ուշադրության՝ հետկամածին ուշադրությունը կապված է գիտակցական նպատակների և հետաքրքրությունների հետ և, ի տարբերություն կամածին ուշադրության, նրանում բացակայում են կամածին ճիգերը։

Երբ է առաջ գալիս այդ հատուկ տեսակի ուշադրությունը։

Ուշադրության այս տեսակը առաջ է գալիս կամածին ուշադրությունից հետո։

Երբ գործունեությունը, որի վրա անձը, միայն կամային ճիգերի օգնությամբ կարողացավ կենտրոնացնել իր ուշադրությունը, սկսում է հետաքրքիր դառնալ և նրանում առաջ է գալիս գործունեության իրագործման ներքին մոտիվացիա։

Ենթադրենք մենք ստիպված ենք կատարել այնպիսի գործունեություն, որը սկզբում մեզ չի հետաքրքրում և գրավչություն չունի։

Կամային ջանքերի գնով մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք այդ գործունեության վրա և սկսում ենք իրագործել այն։

Բայց ահա աստիճանաբար գործունեությունը, օրինակ՝ մեզ հանձնարարված գրքի ընթերցումը, մեզ սկսում է դուր գալ, գրավել, մենք հետաքրքրվում ենք նրա բովանդակությամբ և ցանկանում ենք իմանալ, թե ինչ բովանդակություններ են ծավալվելու հաջորդ էջերում ։ Եվ ահա մենք նույնիսկ չենք էլ նկատում, թե ինչպես այլևս ոչ մի ջանք չենք գործադրում մեր ուշադրությունը գործունեության և նրա բովանդակության վրա կենտրոնացնելու համար։

Ընդհակառակը, այժմ մեզանից ճիգեր կպահանջեր այդ գործունեությունից կտրվելն ու որևէ այլ բանի վրա  ուշադրությունը տեղափոխելը։

Այն, կամածին ուշադրությունից ծագելով, այլևս կամային ջանքեր և հոգեկան լարվածություն ու եռանդ չի պահանջում, ինչպես կամածին ուշադրությունը։

Հետկամածին ուշադրության առկայության դեպքում գործողությունն անձին գրավում, հաճույք է պատճառում, մարդուն ազատում է տհաճ ապրումներից, որոնք կապված են կամային ջանքեր պահանջող տհաճ գործունեություն կատարելու անհրաժեշտության հետ։

Մարդու ազատ ընտրությամբ կատարվող աշխատանքն առավելապես իրագործվում է հետ կամածին ուշադրության օգնությամբ։

Առավել լարված ու տևական կենտրոնացումը հատուկ է հետկամածին ուշադրությանը, այն կարող է ժամեր տևել։ Այդ պատճառով այն  համարվում է ուշադրության ամենաերկարատև և արդյունավետ տեսակը։

 Առաջարկում եմ ամփոփել ուշադրության տեսակները, որոնց փորձեցինք ծանոթանալ մեկ ամսվա ընթացքում։

  • արտաքին՝ մարդու հոգեկան գործունեությունն ուղղված է դեպի արտաքին աշխարհը,
  • ներքին՝ մարդու հոգեկան գործունեությունն ուղղված է դեպի իր ներաշխարհը,
  • ոչ կամածին՝ մարդը ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրա,
  • կամածին՝ մարդը կամքի լարումով իր հոգեկան գործունեությունն է ուղղում որևէ առարկայի կամ երևույթի վրա,
  • հետկամածին՝ ծնվում է որպես կամածին ուշադրություն և ապա, հետաքրքրության առաջացման շնորհիվ, դառնում ոչ կամածին:

Հեղինակ՝ Անի Բարսեղյան Հովհաննիսյան

 

Comments

comments