Սնուցե՛նք մեր փոխհարաբերությունները (մաս 2)

Այս հոդվածի երկրորդ մասում մենք դիտարկում ենք երեք ներքին մոտեցումներ, որոնք ամրացնում են փոխհարաբերությունները:

Այս հոդվածի առաջին մասում մենք օգտագործեցինք բանկի հաշվի օրինակը` փոխհարաբերությունների ուժը հասկանալու համար: Մենք ուժեղացնում ենք փոխհարաբերությունները՝ դեպոզիտ կատարելով մեր հաշվին, և թուլացնում ենք դրանք՝ «գումար»  հանելով  այդ հաշվից: Որքան շատ գումար ունենք մեր հաշվին, այնքան ավելի են ամրանում մեր փոխհարաբերությունները:

Փոխհարաբերություններն աճում են՝ երկու անձերի միջև վստահության մակարդակի բարձրացման հետ համատեղ: Վստահությունը կառուցվում է տարիների ընթացքում:

Վստահությունը կառուցվում է, երբ կա.

  • ազնվություն. դու վստահում ես քո ընկերոջ բնավորությանն ու անկեղծությանը
  • սեր. դու վստահ ես, որ ընկերդ իսկապես սիրում և հոգ է տանում քո մասին: Նա ի սրտե քո լավագույնն է ուզում:

Այս երկուսը յուրաքանչյուր անձի համար ներքին գործոններ են: Մարդը կարող է կեղծել և ձևացնել, թե անկեղծ է և սիրող: Մարդը կարող է անկեղծություն և սեր արտահայտող խոսքեր ասել: Մինչդեռ, եթե դրանք իսկական չեն, վաղ թե ուշ ճշմրտությունը ջրի երես է դուրս գալիս, և վստահությունը անվերադարձ կորչում է:

Այս հոդվածի երկրորդ և երրորդ մասերում մենք ներկայացնում ենք վեց մոտեցումներ և գործողություններ, որոնք, բխելով իսկական սիրուց և ազնվությունից, նպաստում են փոխհարաբերությունների աճին:  Այս ցանկը սպառիչ չէ, սակայն լավ սնունդ է՝ խորհելու համար:

Այսպես, երկրորդ մասում մենք քննարկում ենք երեք մոտեցումներ, որ մարդը պիտի ունենա իր ընկերոջ հանդեպ. կենտրոնացիր մյուս կողմի վրա, գնահատիր քո ընկերոջը, ընդունիր ընկերոջդ: Ինչպես տեսնում ես, սրանք մոտեցումներ են, որոնք մարդը պիտի մշակի իր մտքում և սրտում:

1. Կենտրոնացիր մյուս կողմի վրա․

Իսկական սերը կենտրոնանում է դիմացինի, նրա կարիքների և շահերի վրա: Սա ներառում է.

  • -Էմպատիա՝ սա շատ կարևոր ունակություն է՝ զգալու, թե ինչ է զգում դիմացինը: Այստեղ, անձը կիսում է դիմացինի թե ուրախությունը, և թե տխրությունը: Իսկական սիրո վրա հիմնված էմպատիան, հարաբերություններն ուժեղացնելու և խորացնելու հիանալի հատկություն ունի:
  • Ուշադիր եղիր ընկերոջդ նկատմամբ: Սա ներառում է տվյալ անձով, նրա խնդիրներով, դժվարություններով և ուրախություններով հետաքրքրվելը: Երբ դու ուշադիր ես, դու կլանված լսում ես՝ դիմացինին և նրա մտահոգությունը հասկանալու մտադրությամբ: Եսակենտրոն մարդիկ միշտ խոսում են իրենք իրենց մասին: Նրանք հետաքրքրված չեն իրենց ընկերների կյանքով և մտահոգություններով: Նման մոտեցումը ձանձրացնում է մարդկանց և վնասում փոխհարաբերությունները:
  • Մտածելով և հիշելով ընկերոջդ մասին՝ զանգահարիր՝ ուղղակի սերդ և ընկերասիրությունդ արտահայտելու համար: Զանգիր՝ հարցնելու, թե ինչպես է նա իրեն զգում:

2. Անկեղծորեն գնահատիր ընկերոջդ և նրա ներդրումը քո կյանքում․

Մտածիր տվյալ անձի մասին և թե որքան կարևոր է նա քեզ համար: Մտածիր քո կյանքում նրա բոլոր դրական ներդրումների մասին: Գնահատիր նրան հոգուդ խորքում և արտահայտիր այդ գնահատանքը ոչ միայն հատուկ առիթներով, այլ հաճախակի: Ինքնաբուխ արտահայտիր սերդ և գնահատանքդ: Երբ դու հատուկ ձևով ասում ես ընկերոջդ, թե ինչքան լավ է նա եղել քո հանդեպ, քո փոխհարաբերությունների բանկային հաշիվը նշանակալիորեն բարձրանում է: Այնպիսի արտահայտություններն, ինչպիսիք են «Ես իսկապես գնահատում եմ քո հոգատար ընկերությունը և այն փաստը , որ կարող եմ վստահել քեզ իմ անձնական հարցերում», ուժեղացնում են վստահությունը:

3. Ընկերոջդ ընդունիր այնպիսին, ինչպիսին կա՝ չնայած նրա թերություններին․

Յուրաքանչյուր մարդ ունի հատկանիշներ, որոնք կարող են քեզ դուր չգալ: Սակայն հոգուդ խորքում դու պետք է սիրես և ընդունես ընկերոջդ այնպիսին, ինչպիսին նա կա:

Ընդունել ընկերոջդ նշանակում է ունենալ դրական վերաբերմունք և գոհունակություն նրա նկատմամբ: Դա նշանակում է դու քո սրտում պատվում ու բարձր ես գնահատում այդ մարդուն: Նման ընդունելությունը ակնհայտ է դառնում անձերի միջև շփման ժամանակ: Անձին ընդունելը նաև նշանակում է, որ դու երբեք չես քննադատում կամ չես հարձակվում նրա վրա: Դու իհարկե կարող ես կառուցողական ձևով քննադատել նրա թերություններն ու սխալները, սակայն՝ ոչ անձը:  Քո քննադատության նպատակը անձին օգնելն ու ձեր փոխհարաբերությունները բարելավելն է, այլ ոչ թէ նրա վրա հարձակվելը կամ նրան վնասելեն է: Այստեղ բանալին անձին տարբերակելն է իր գործողություններից: Այնպիսի արտահայտություններ թույլ տալը, ինչպիսիք են «Դու հիմար ես», «Դու երբեք չես սովորում», հարձակում են համարվում մարդկանց վրա և վնասում են փոխհարաբերությունները: Փոխարենը, դու կարող ես արտահայտել քո զգացումները այդ մարդու գործողությունների մասին: Օրինակ՝ փոխարենը ասելու. «Դու զգացմունք չունես և հոգատար չես», դու կարող ես ասել, «Ես ինձ շատ վատ եմ զգում, երբ դու մոռանում ես իմ ծննդյան օրը», կամ փոխարենը որդուդ ասես, «Դու հիմար ես», դու կարող ես ասել. «Դու շատ ավելի լավ կարող ես սովորել, եթե ավելի շատ աշխատես դասերիդ վրա: Ծուլության ու ցածր գնահատականների պատճառով դու ապագայում աղքատ մարդ կլինես»:

Այս հոդվածի երրորդ և ամենավերջին մասում մենք կքննարկենք վեց մոտեցումներից վերջին երեքը, որոնք անձը պետք է ունենա իր ընկերոջ հանդեպ: Մինչ առաջին երեքը ներքին հատկանիշներ էին, վերջին երեքն ավելի գործնական կողմնորոշում ունեն:

 

Հարութ Ներսեսսյան

Comments

comments