Հաղթահարել ձախորդությունը

Կա մի պատմություն երկու գորտերի մասին: Մի գորտը թմբլիկ էր, մյուսը՝ նիհար: Մի օր, երբ նրանք սնունդ են փնտրում, հանկարծ ընկնում են կաթով լի մեծ տակառի մեջ: Նրանք չեն կարողանում դուրս գալ, քանի որ պատերը շատ ողորկ էին, և նրանք պարզապես որոշում են լողալ:

Թմբլիկ գորտը ասում է. «Սրանից օգուտ չկա, մենք պարզապես կխեղդվենք»: Նիհար գորտն ասում է. «Շարունակիր լողալ, պետք չէ կանգնել: Ինչ-որ մեկը կտեսնի ու կօգնի »: Եվ նրանք շարունակում են ժամերով լողալ:

Որոշ ժամանակ անց թմբլիկ գորտն ասում է. «Եղբայր, իրոք ոչ մի օգուտ չկա: Ես գնալով հոգնում եմ: Պարզապես պատրաստվում եմ կանգնել, թեկուզ խեղդվեմ: Մանավանդ այսօր կիրակի է և ոչ ոք չի աշխատում, մեզ էլ չեն տեսնի: Մենք դատապարտված ենք: Ելք չկա»: Սակայն նիհար գորտն ասում է. «Պետք է փորձել: Շարունակիր լողալ: Ինչ-որ մեկը կտեսնի մեզ»: Անցնում է ևս մի քանի ժամ:

Թմբլիկ գորտն ասում է. «Ես չեմ կարող այլևս: Իմաստ չեմ տեսնում սրա մեջ, մենք խեղդվելու ենք»: Եվ թմբլիկ գորտը դադարում է լողալ ու սուզվում է կաթի մեջ: Բայց նիհար գորտը շարունակում է լողալ:

Տասը րոպե անց, նա ինչ-որ կարծր բան է զգում իր ոտքերի տակ: Նա խնոցու նման հարել էր կաթը և այն դարձել էր կարագ: Գորտը, վերջապես հենվելով կարագին, ցատկում է տակառից դուրս:

Փորձության և դժվարության պահերին դուք կանգնած եք անխուսափելի ընտրության առաջ: Այդ պահերին կարող է ցանկանաք հրաժարվել և հանձնվել: Հաճախ ձեր ընտրանքն ու որոշումը կարող է ցավոտ լինել: Սակայն ոչինչ չորոշելը նույնպես որոշում է: Ճիշտ որոշում կայացնելը քաջություն է պահանջում, նույնիսկ, եթե այն ցավոտ լինի:

Ձախորդությունները հաղթահարելու ունակությունը հիմնված է ձեր ճկունության աստիճանի վրա: Վերջինս այլ կերպ կարելի է անվանել արագ ուշքի գալու ունակություն:

Ձեր վախերը դիմագրավելն ու մտավախությունները հաղթահարելը թանկագին կարողություններ են կյանքի ցանկացած բնագավառում: Աշխատանքային հարաբերությունները և ամենօրյա շփումներն ունեն մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել: Մարդիկ, ովքեր խուսափում են դիմագրավել մարտահրավերները, ձախորդությունների բախվելիս՝ ելք չեն գտնի: Ձախորդությունների հանդեպ դրական վերաբերմունք զարգացնելը պահանջում է որոշակի ջանքեր, սակայն կարող է լինել չափազանց շահավետ:

Ինչ-որ մեկը մի անգամ ասել է. «Ճանապարհի ոլորանը դեռ չի նշանակում ճանապարհի ավարտ, միայն թե չձախողվեք շրջադարձ կատարել»: Ես սիրում եմ այս երգի բառերը. «Կոշտ գետինը լավ հիմք է, իսկ փակուղին պարզապես շրջվելու տեղն է»:

Այնպես որ, երբ կանգնած լինեք ձախորդությունների, փորձությունների և մարտահրավերների առաջ,

✓ նայեք, թե ինչ դասեր կան այդ բոլոր բացասական իրավիճակների մեջ,

✓ որոշեք, թե արդյոք ձեր փորձառությունը կատարելագործելու, թե կործանելու է ձեզ, ինչպիսին կլինի ձեր ընկալումը, այնպիսին էլ կլինի ձեր որոշումը,

✓ մշակեք հավատ, համարձակություն և ճկունություն: Որքան շատ այդ որակներով զինված լինեք, այնքան պակաս կլինի խնդրի կամ ձախորդության ազդեցությունը:

Ձախորդությունները հաղթահարելը մեր հիմնական մարտահրավերներից մեկն է կյանքում: Երբ մենք որոշում ենք դիմակայել և հաղթահարել դրանք, մենք դառնում ենք դրանց փորձագետը և, հետևաբար, ավելի շատ հաղթանակների հասնում մեր ամենօրյա պայքարում:

Թարգմանեց՝ Կարեն Մանուկյանը

Comments

comments