Զայրանու՞մ ես, երբ քեզ քննադատում են. ուրեմն կարդա այս հոդվածը

Հաճախ ամենաչնչին քննադատությունից մենք կորցնում ենք մեր խաղաղությունը:

Այդ պահին կարծես «վտանգի տակ են դրվում» մեր հեղինակությունը, արժանապատվությունը և բարի անունը: Մերժվելու վախը մեզ դրդում է հակահարված տալ: Մենք ակամայից սկսում ենք պաշտպանվել այնպես, կարծես գտնվում ենք ռազմի դաշտում:
Մինչդեռ, քննադատությունը ոչ այլ ինչ է, քան մեկ ուրիշի դիտարկումը մեր ով լինելու, գործողությունների և մտածելակերպի մասին, որը չի համապատասխանում սեփական անձի մասին մեր ունեցած պատկերացումներին: Հետո՞ ինչ:

Երբ մենք արձագանքում ենք քննադատությանը՝ պաշտպանական դիրք գրավելով, այն մեզ ավելի մեծ ցավ է պատճառում: Մենք այնպիսի զգացողություն ենք ունենում, կարծես թե հարձակման ենք ենթարկվել և կարիք ունենք պաշտպանվելու կամ պատասխան քննադատություն հնչեցնելու: Մենք լցվում ենք բարկությամբ և վնասակար մտքերով, որոնք կամ ուղղված են հենց մեզ, կամ էլ մեզ քննադատող անձին: Նման արձագանքը մեզանից մեծ քանակությամբ մտավոր էներգիա է խլում: Խոստովանեմ, որ ես էլ երկար ժամանակ պայքարել եմ այս խնդրի դեմ:

Մինչդեռ, աներևակայելի օգտակար մոտեցում է անխռով մոտենալ մեզ ուղղված քննադատությանը: Այո, անխռով և հանգիստ: Ես չեմ առաջարկում ընդունել մեր հասցեին միտումնավոր հնչած վիրավորանքները կամ թույլ տալ, որ մարդիկ «մեզ վրա սրբեն իրենց ոտքերը»: Թեև նման հանգամանքներում էլ սեփական հույզերը կառավարելը և անվրդով կեցվածք ունենալը կարող է շատ ուսուցողական լինել մեզ, իսկ երբեմն էլ նաև դիմացինի համար:

Այսպիսով, հաճախ մեր դեմ հնչած քննադատությանը կառուցողական մոտենալը զարմանալիորեն հարթում է իրավիճակը, բավարարում է դիմացինի՝ կարծիք հայտնելու կարիքը, մեզ հնարավություն է տալիս ինչ-որ նոր բան սովորել սեփական անձի մասին՝ ճշմարտության հատիկ տեսնելով դիմացինի դիրքորոշման մեջ, և հավանաբար ամենակարևորը, մեզ հնարավորություն է տալիս կառավարել քննադատությունից ի հայտ եկած մեր բացասական հույզերը և պահպանել սեփական խաղաղությունը:

Երբ ես առաջին անգամ գիտակցաբար չհակառակվեցի ինձ ուղղված քննադատության հետ, հիշում եմ, որ մինչև կորոշեի հանգիստ վերաբերվել դրան, ներքուստ մի պահ զայրույթ զգացի: Սակայն մտքիս դրեցի կիրառել այդ մոտեցումը, որի մասին շատ էի կարդացել, և պատասխանեցի. «Շատ շնորհակալ եմ, որ բարձրացրեցիր այդ հարցը: Այդտեղ իսկապես բարելավման կարիք կա»: Ես այդ օրը բացահայտեցի մի բան, որը փոխեց իմ կյանքը: Դիմացինիս չհակառակվելով՝ ես կարողացա տեսնել, որ նրա ասածի մեջ օգտակար բան կար: Ավելին, իմ ոչ պաշտպանողական արձագանքը նրան օգնեց մեղմանալ: Մի քանի րոպե անց նա նույնիսկ սկսեց թվել իր կողմից քննադատվող իմ արարքի դրական կողմերը: Կասկածում եմ, որ այդ անձը այդպես կվարվեր, եթե ես զայրանայի իր ասածից:

Մի բան, որ հաստատ սովորեցի, հետևյալն է. քննադատության նկատմամբ բացասական կամ ապակառուցողական արձագանքը երբեք չի օգնում ազատվել քննադատությունից: Ավելին, քննադատության նկատմամբ նման արձագանքը հաճախ օգնում է քննադատողին համոզվել, որ իր կարծիքը մեր մասին ճիշտ է:

Փորձի՛ր այս պարզ ռազմավարությունը: Կարծում եմ կբացահայտես, որ անակնկալ քննադատության նկատմամբ անխռով կեցվածքն ավելի մեծ արժեք ունի, քան այն գինը, որ վճարում ես դրա համար:

Քրիստինա Սիմոնյան
Անհատական զարգացման քոուչ

Comments

comments