24 ժամ․ ինչպե՞ս բարձրացնել արդյունավետությունը

Որքա՞ն հաճախ եք օգտագործում «ժամանակը չի հերիքում», «չեմ հասցնում»  և այլ նմանատիպ արտահայտություններ։

Երբեմն, թե՞ հաճախ։

Շատ մարդիկ կարծում են, որ երբեք էլ ժամանակը չի բավականացնելու գործերը ավարտին հասցնելու համար, կամ  նշում են, որ հնարավոր է հասցնեին, եթե 24 ժամի փոխարեն oրն ունենար 30, 35, 40 ժամ…

Սակայն եթե մենք չկարողանանք կառավարել մեր ժամանակը, մենք չենք կարողանա կառավարել մեր ձեռքբերումները։

Նախքան ժամանակի կառավարումը բարելավելուն ուղղված մի քանի խորհուրդներին անցնելը, առաջարկում եմ ինքներդ ձեզ մի քանի հարց տալ.

-որևէ գործ անելուց, դուք ԱՆՊԱՅՄԱՆ հաշվի առնո՞ւմ եք  դրա առաջնահերթությունը,

-առավել հաճախ դուք գործն անում եք ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԻ՞Ն, կամ հետաձգո՞ւմ հաջորդ օրվան,

-դուք ժամանակ տրամադրո՞ւմ եք պլանավորելուն և ծրագրելուն,

-դուք ԳԻՏԵ՞Ք, թե որ գործին որքան ժամանակ է անհրաժեշտ տրամադրել,

-դուք կարողանո՞ւմ եք կառավարել գործի ընթացքում առաջացած ընդհատումները,

-դուք համաձայնեցնո՞ւմ եք ձեր գործերը շրջապատող մարդկանց հետ,

-երբ ինչ որ գործին ժամանակ պետք է տրամադրեք, հաշվի առնո՞ւմ եք արդյունք-ծախս հարաբերությունը։

Անկախ նրանից, թե ինչպիսին էին պատասխանները, կենտրոնանանք մի քանի կետերի վրա, որոնք հիմքային են արդյունավետ ժամանակի կառավարման համար։

 

Այսպիսով մի քանի գործնական խորհուրդ․

Սահմանե՛ք նպատակները․

Առաջին բանը, որ պետք է անել ժամանակի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար, նպատակները սահմանելն է։

Երբ ձեզ համար հստակ է, թե ուր պետք է գնալ, դուք կարող եք հաշվարկել անհրաժեշտ ճանապարհը և ռեսուրսները։ Առանց նպատակները հստակ սահմանելու, դուք հոգնելու եք անորոշությունից և առաջնահերթությունների բախումից։

Մարդիկ ժամանակ չեն տրամադրում  նպատակները սահմանելուն՝ համարելով դա ժամանակի վատնում և անլուրջ աշխատանք, ապագայում, մինչդեռ, վերաարժևորելով իրենց ձախողումների պատճառնելը՝ գալիս են այն կետին, որ իրենց քայլերը չտարան «ոչ մի տեղ», քանի որ ի սկզբանե սահմանված չէր «ուր գնալը»։

«Ուր գնալը» սահմանելու համար տրամադրված փոքր ժամանակը ապագայում կօգնի ձեզ առավել զերծ մնալ անկումներից և ձախողումներից։

 

Սահմանե՛ք առաջնահերթություններ։

Անչափ կարևոր է տարբերել «լավ է անելը» «պետք է անելուց»։ Առանց առաջնահերթությունները սահմանելու դուք միգուցե աշխատեք շատ և քրտնաջան, սակայն «շատ գործեր» անելը չի ենթադրում  «ճիշտ գործեր» անել։ Ձեր ամենօրյա գործերն արդյոք բխո՞ւմ են ձեր նպատակներից և ձեր կյանքի առաքելության ռազմավարությունից։

Շատ հաճախ մեր օրվա գրաֆիկը բաղկացած է ցանկալի գործերի «կոլեկցիայից», միգուցե շտապ և լուրջ գործերի, բայց ոչ մեր նպատակների առաջնահերթություններից կազմված գործերից։

Արդյունքում մեր օրը նման է նոտաների կույտի, բայց ոչ երաժշտության։

 

Կառավարե՛ք ընդհատումները։

Մեկ բան է սահմանել նպատակները և առաջնահերթությունները, այլ բան կարողանալ կառավարել օրվա ընթացքում պարտադիր առաջացող ընդհատումները։

Նախ մենք մեր առօրյայի մեջ չենք ներառում ժամանակ ընդմիջումների համար՝ համարելով դա ժամանակի վատնում, իսկ երկրորդը՝ մենք սովոր չենք կառավարել հրատապ առաջացած ընդհատումները։ Արդյունքում կամ տուժում է մեր հիմնական անելիքը՝ ի հաշիվ ժամանակն առաջացած խնդրի կողմն ուղղելու, կամ տուժում է այն գործոնը, որը, միգուցե, կարիք ուներ ուշադրության։

Ինչևէ, հաճախ մենք տարված ենք լինում մեր առաջնահերթություններով՝ չնկատելով, որ պարբերաբար առաջացող ընդհատումները կարիք ունեն վերլուծելու և լուծելու։ Հաճախ դրանց պատճառը մեզ շրջապատող մարդիկ  են, ովքեր մեր օգնության կարիքն ունեն, պետք չէ խուսափել ընդհատումներից, քանի որ դրանք բնական և անբաժան մասն են մեր կյանքի, այլ պետք է խուսափելու փոխարեն սովորել կառավարել դրանք։

 

Մի՛ հետաձգեք։

«Ես կանեմ դա հետո» արտահայտությունը բազում մարդկանց անկման պատճառ է դարձել։ Հաճախակի «հետո»-ները բերում են կարևոր գործերի այնպիսի կուտակմնա, որ դրանց լուծումը սովորաբար անհնար է թվում։

«Հետաձգումը» որքան քաղցր է, այնքան էլ մահացու։ «Հետաձգումը» հաղթելու լավագույն միջոցը ընդունելն է, որ դուք «հետաձգում եք»։ Հետո դուք կարիք ունեք փնտրելու, թե ինչո՞ւ եք հակված անելիքը հետաձգելու։ Միգուցե դուք վախենո՞ւմ եք ձախողումից։

Շատերը ընդհակառակը՝ հետաձգում են կարևոր անելիքները, քանի որ վախենում են հաջողելուց․․․

Հաղթահարելով այս վատ սովորույթին հակաված լինելու պատճառը՝ դուք կնկատեք իրական ձեռքբերումներ ձեր կյանքում։

Քաջալերեք ինքներդ ձեզ ձեր փոքրիկ հաղթանակների համար և հիշեցրեք ձեզ դրանք չունենալու բացասական հետևանքների մասին։

 

Պլանավորե՛ք։

Սահմանելով ձեր նպատակները և առաջնահերթությունները, ընդհատումները և հետաձգումների պատճառները՝ այժմ անհրաժեշտ է դրանք կողք կողքի բերել՝ ընթացքի մեջ մտնելու և հավելյալ սթրեսից խուսափելու համար։

Սա նշանակում է, որ ձեր օրվա անելիքների ցանկը պետք է բաղակացած լինի ոչ միայն սահմանված նպատակների, այլև պատուհաններ ունենա անհետաձգելի և չնախատեսված գործերի համար, հակառակ դեպքում դուք ամեն օր գործ եք ունենալու քաոսի և հուսահատության հետ։

Ձեր ամենօրյա կարևոր գործերի մեջ պետք է տեղ գտնեն թե՛ անձնական աճին, թե՛ կարիերային, թե՛ հասարակական կյանքին վերաբերող գործեր՝ սահմանված նպատակների և կազմած առաջնահերթությունների տեսքով։

 

Ժամանակի կառավարումը կարողություն է, որն օգնում է ձեզ ունենալ վերահսկողություն ձեր անելիքների նկատմամբ և սթրեսը հասցնել նվազագույնի։

Բոլորս էլ կցանկանայինք ունենալ 24 ժամից ավել ժամանակ, բայց միևնունն է դա էլ չէր փրկի. հասկանալով, որ ավել ժամանակ ունենալն անհնար է, մենք կարիք ունենք առավել զգուշավոր և խելացի կերպով վերաբերվենք մեր ժամանակին։

Գործերը ճիշտ անելուց բացի կարևոր է անել ճիշտ գործեր, ճիշտ հերթականությամբ, ժամանակի ռացիոնալ սահմաներրում։

 

Հեղինակ՝ Գոռ Հովհաննիսյան։

 

 

 

Comments

comments