10 որոշում, որոնց համար 10 տարի անց կզղջաք

«Եթե միայն…» այս երկու բառերը միասին կազմում են հայերենի ամենատխուր արտահայտություններից մեկը:

Ահա այն 10 որոշումները, որոնք վստահաբար ձեզ մոտ կառաջացնեն զղջման այդ զգացողությունը, և ինչպես կարելի է դրանցից խուսափել.

1․ Դիմակ կրել՝ այլ մարդկանց վրա տպավորություն գործելու համար.
Եթե դուք արտաքինից անընդհատ դիմակ եք կրում, ապա մի օր դրա տակ այլևս ոչինչ չի լինի: Չափազանց երկար ժամանակ կենտրոնանալով այն բանի վրա, թե այլ մարդիկ ինչպես են ձեզ ընկալում կամ ինչպիսին են ցանկանում տեսնել՝ դուք պարզապես մոռանում եք, թե իրականում ով եք: Ուրեմն մի վախեցեք այլոց կարծիքներից. դուք ձեր հոգու խորքում գիտեք, թե ով եք դուք և ինչն է ճիշտ ձեզ համար: Պարտադիր չէ, որ կատարյալ լինեք՝ մարդկանց վրա տպավորություն գործելու և ոգևորելու համար: Նրանց տպավորեք և ոգևորեք ձեր թերությունների դեմ պայքարելով:

2․ Թույլ տալ, որ մեկ ուրիշը ձեզ համար երազանքներ ստեղծի.
Կյանքի ամենամեծ մարտահրավերը ինքներդ ձեզ ճանաչելն է, երկրորդ ամենամեծ մարտահրավերը՝ ձեր ունեցածով երջանիկ լինելը: Այս ամենի ընթացքում կարևոր է ձեր նպատակներին և երազանքներին հավատարիմ մնալը: Ձեր շրջապատում կա՞ն մարդիկ, ովքեր ձեզ հետ համակարծիք չեն: Լավ: Դա նշանակում է, որ դուք ունեք ձեր սեփական կարծիքը և ուղին: Որոշ դեպքերում ձեր արարքները այլ մարդիկ հիմարություն կհամարեն, սակայն, երբ գիտակցեք, որ խանդավառությունից կորցրել եք ժամանակի զգացողությունը, ապա դուք ճիշտ ուղու վրա եք:

3․ Բացասական մոտեցումներ ունեցող մարդկանց հետ ընկերություն անել.
Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը իր վատ պահվածքը փոխանցի ձեզ: Թույլ մի տվեք ձեզ իրենց շարքերը ընդգրկել: Նրանք չեն կարող կրակել ձեզ վրա, եթե հրազենը նրանց ձեռքը չտաք : Երբ դուք հասկանաք, որ բացասական մարդկանց շրջապատում լինելը ընտրություն է, այլ ոչ պարտականություն, դուք կգտնվեք այնտեղ, որտեղ ընտրել եք գտնվել ինքներդ՝ կարեկցանքի, այլ ոչ թե բարկության, մեծահոգության և ոչ թե ագահության, համբերատարության և ոչ թե անհանգստության միջավայրում:

4․ Եսասեր լինել.
Սիրալիր արարքներով և բարի բնավորությամբ լցված կյանքը ամենալավ գերեզմանաքարն է: Այն մարդիկ, որոնց դուք ոգևորել և տվել եք ձեր սերը, ձեզ երկար կհիշեն, երբ ձեր ժամանակը սպառվի: Ուրեմն՝ ձեր անունները քանդակեք սրտերի և ոչ քարերի վրա: Այն ինչ դուք արել եք միայն ձեզ համար մեռնում է ձեզ հետ, իսկ այն, ինչ արել եք ուրիշների և աշխարհի համար, մնում է:

5․ Խուսափել փոփոխություններից և աճելուց.
Եթե ցանկանում եք ճանաչել ձեր անցյալը, ապա նայեք ձեր ներկա վիճակին: Եթե ցանկանում եք իմանալ ձեր ապագան, ապա նայեք ձեր ներկա գործողություններին: Դուք պետք է թողնեք, որ հինը հեռանա, որպեսզի տեղ բացվի նորի համար, հին ճանապարհը անցած է և երբեք հետ չի գա: Եթե հենց հիմա սա գիտակցեք և քայլեր ձեռնարկեք այս ուղղությամբ, ապա ձեզ համար երկարատև հաջողության դիրքեր կապահովեք:

6․ Տեղի տալ, երբ գործընթացը բարդանում է.
Անհաջողություններ գոյություն չունեն, կա միայն արդյունք: Եթե գործողությունները ձեր սպասած ձևով չեն զարգանում, մի նեղսրտեք կամ տեղի տվեք: Հասկացեք, թե ինչ կարող եք անել և առաջ շարժվեք: Նա, ով կշարունակի յուրաքանչյուր պահ մեկ քայլ առաջ գնալ, նրան վերջում հաղթանակ է սպասվում: Քանի որ մարտը միշտ հաղթում են վերջնական հաղթանակից դեռ շատ առաջ: Այն գործընթաց է, որը տեղի է ունենում փոքր քայլերի, որոշումների և գործողությունների արդյուքնում, որոնք աստիճանաբար հաջորդում են մեկը մյուսին և առաջնորդում դեպի հաղթանակի փառավոր պահը:

7․ Փորձել կառավարել ցանկացած մանրուք.
Կյանքը պետք է շոշափել, այլ ոչ խեղդել: Երբեմն պետք է հանգստանալ և թողնել, որ կյանքը ընթանա՝ առանց անդադար անհանգստանալու և ցանկացած մանրուք կառավարելու: Սովորեք թողնել, որ մի փոքր առաջ գնա՝ նախքան ամուր բռնելը: Խորը շունչ քաշեք: Երբ փոշին անցնի և կրկին տեսնեք անտառի ծառերը, կատարեք հաջորդ քայլը: Պարտադիր չէ, որ իմանաք, թե հատկապես ուր եք գնում՝ ինչ-որ հրաշալի բանի հանդիպելու համար: Հասկանում եք դա, թե ոչ՝ ամեն դեպքում կյանքում ամեն բան կատարյալ հաջորդականություն ունի: Ուղղակի որոշակի ժամանակ է պահանջվում՝ բոլոր կետերը իրար միացնելու համար:

8․ Բավարարվել քչով, երբ դուք ավելիին եք արժանի.
Բավականին ուժեղ եղեք ազատ արձակելու  և իմաստուն՝ սպասելու նրան, ինչին դուք արժանի եք: Երբեմն պետք է շատ ավելի ցած ընկնեք, որպեսզի բարձրանաք շատ ավելի, քան երբևէ: Երբեմն ձեր աչքերը պետք է լվաք արցունքներով, որպեսզի պարզ տեսնեք ձեր առջև գտնվող հնարավորությունները: Մի բավարարվեք:

9․ Անվերջ սպասել վաղվան.Խնդիրը այն է, որ կարծում եք, թե իրականում ձեր ունեցածից  ավելի շատ ժամանակ ունեք: Սակայն մի օր կարթնանաք և այլևս ժամանակ չեք ունենա անել, այն ինչ միշտ ցանկացել եք անել: Եվ այդ ժամանակ դուք կունենաք կա´մ արդեն նվաճված նպատակներ, կա´մ  պատճառաբանությունների մի ցանկ, թե ինչու չեք հասել դրանց:

10․ Ծույլ և տկար լինել.
Աշխարհը ձեզ ոչինչ պարտական չէ, դուք եք նրան պարտական: Ուրեմն դադարեք երազել և գործի անցեք: Ձեր կյանքի ողջ պատասխանատվությունը ձեր վրա վերցրեք: Դուք կարևոր եք և ձեր կարիքը ունեն: Չափազանց ուշ է նստել և սպասել, որ ինչ-որ մեկը մի օր ինչ-որ բան կանի: Ինչ-որ մի օրը այսօր է, այն մեկը, որի կարիքը աշխարհը ունի, դուք եք:

 

Comments

comments