Հուզական բանականություն

Երբ մտածում եք «կատարյալ առաջնորդի» մասին, ի՞նչ պատկեր է գալիս ձեր առջև։

Միգուցե դուք տեսնում եք մեկին, ով երբեք բաց չի թողնում իրավիճակը իր հսկողությունից՝ անկախ խնդրի բնույթից։

Կամ մեկին, ով ամբողջությամբ վստահում է իր թիմին, լսում նրանց։ Մեկին, ում հետ հեշտ է խոսել, ով միշտ կայացնում է խելացի և հիմնավորված որոշումներ։

Ձեր նկարագիրը համապատասխանում է Հուզական Բանականության բարձր աստիճան ունեցող անհատի։

Այս հոդվածով մենք փորձում ենք ներկայացնել, թե որքան կարևոր է առաջնորդի համար հուզական բանականությունը, և դուք՝ որպես առաջնորդ, ինչպես կարող եք զարգացնել այն։

Ի՞նչ է հուզական բանականությունը։

Հուզական բանականությունը կամ ՀԲ կարողություն է հասկանալ և կառավարել սեփական և շրջապատող մարդկանց հույզերը։ Այսպիսի մարդիկ գիտեն՝ ի՞նչ են իրենք զգում(տալիս են իրենց հույզերին անուններ), ի՞նչ են դրանք նշանակում, և ինչպե՞ս կարող են իրենց հույզերը ազդել այլ մարդկանց վրա։

Առաջնորդների համար հուզական բանականության բարձր աստիճան ունենալը հաջողության անփոխարինելի նախապայման է։

Ի վերջո, որ առաջնորդն է հակված հաջողելու․ նա, ով քննադատում է իր թիմին, երբ որևէ սթրեսային իրավիճակի մեջ է, թե՞ նա, ով չի կորցնում ինքնակառավարումը և հանդարտությամբ գնահատում է իրավիճակը։

Ըստ Դանիել Գոլմանի(ամերիկացի հոգեբան, ով նպաստեց հուզական բանականության առավել հայտնի դառնալուն)՝ առանձնացվում է ՀԲ զարգացնելու համար 5 սովորույթ ՝

  • ինքնագիտակցում
  • ինքնակառավարում
  • մոտիվացիա
  • Էմպաթիա
  • հասարակական հմտություններ

Որպես առաջնորդ, որքան շատ կառավարում ունեք նշված ոլորտներում, այնքան բարձր ՀԲ- աստիճան ունեք դուք։

Այսպիսով, եկեք անդրադառնանք ամեն սովորութի առավել դետալային։

  1. ինքնաճանաչում․

Ունենալ ինքնաճանաչում՝ ենթադրում է, որ դուք պետք է ճանաչեք ինչ եք զգում, և թե ձեր հույզերը և քայլերը ինչպես են ազդում շրջապատի մարդկանց վրա։ Առաջնորդող դիրք ունենալով՝ ինքնաճանաչումը ենթադրում է ունենալ հստակ պատկեր ձեր ուժեղ և թույլ կողմերի մասին՝ դրանով հանդերձ գործելով խոնարհությամբ։

Այսպիսով՝ ինչպե՞ս կարող եք զարգացնել ձեր ինքնաճանաչման սովորույթը։

  • Ունեցեք նշումների նոթատետր։ Հույզերի մասին նշումներ կատարելը կօգնի ձեզ բարելավել ձեր ինքնաճանաչումը։ Եթե տրամադրեք օրական որոշակի ժամանակ և կատարեք նշումներ ձեր մտքերի, զգացումների մասին և անդրադառնաք դրանց, ապա դուք կսկսեք զարգացնել ձեր հուզական բանականությունը։
  • Հապաղե՛ք․ երբ դուք բարկություն կամ այլ ագրեսիվ հույզ եք զգում, մի պահ հապաղեք՝ քննելու համար պատճառները։ Հիշե՛ք, անկախ իրավիճակից՝ ինչպես արձագանքելու ընտրությունը ձեր ձեռքում է։
  1. Ինքնակառավարում

Առաջնորդներն, ովքեր ունեն արդյունավետ ինքնակառավարում, հազվադեպ են խոսքային գրոհի ենթարկում այլոց, կայացնում վաղաժամ կամ ժամանակավրեպ հուզական որոշումներ, պիտակավորում մարդկանց կամ վտանգում սեփական արժեքները։

Ինքնակառավարումը ինքդ քեզ հսկելու մասին է։

Ըստ Գոլմանի, այս սովորույթները ապահովում են առաջնորդի ճկունությունը և պատասխանատվության զգացումը ինքդ քեզ հաշվետու լինելու գործում։

Այսպիսով՝ ինչպե՞ս կարող եք զարգացնել ինքնակառավարում։

  • Ճանաչեք սեփական արժեքները․ դուք ունե՞ք պարզ պատկերացում այն մասին, թե ինչ արժեքների հարցում երբեք չեք նահանջելու։ Դուք գիտե՞ք, թե որ արժեքներն են ամենակարևորը ձեզ համար։ Ժամանակ տրամադրեք արժեքների նկարագիրը կազմելու համար(“code of ethics”)։ Երբ դուք գիտեք, թե ինչն է կարևոր ձեզ համար, դու հավանաբար մեկ անգամ ավել կմտածեք՝ նախքան որևէ բարոյական կամ էթիկ որոշում կայացնելը։
  • Եղեք ինքներդ ձեզ հաշվետու․ եթե դուք հակված եք մեղադրել ուրիշներին, երբ իրավիճակները վատթարագույնն են, կանգ առեք։ Պատասխանատվություն վերցրեք ձեր սխալների և դրանց հետևանքների հանդեպ, ինչպիսինն էլ լինեն դրանք։ Այդ դեպքում դուք ավելի հանգիստ կքնեք և ավելի արագ կվաստակեք ձեր շրջապատի հարգանքը։
  • Փորձարկեք հանդարտություն պահպանելը․ հաջորդ անգամ, երբ հայտնվեք խնդրահարույց իրավիճակում, եղեք շատ գիտակից ձեր գործողությունների մեջ։ Եթե դուք ձեր բարկությունը պարպում եք ինչ-որ մեկին քննադատելով, օգտագործեք «խորը շնչելու» վարժությունը հանդարտություն պահպանելու համար։
  • Փորձեք գրել բոլոր այն բացասական բառերը, որ ցանկանում եք ասել, ապա պատռեք այն և աղբը նետեք։ «Հույզերը թղթի վրա» փորձառությունը ավելի լավ է, քան նույն հույզերը մարդկանց բարկացած ասելը։ Այն նաև օգնում է, մարտահրավեր նետելով քո հուզական արձագանքներին, բացահայտել դրանց իրավացի կամ ոչ իրավացի լինելը։
  1. Մոտիվացիա

Ինքն իրեն մոտիվացնող առաջնորդները ընթանում են հաստատակամորեն դեպի սեփական նպատակները, և ունեն չափազանց բարձր աշխատանքային որակ։

Ինչպե՞ս կարող ենք բարելավել ձեր մոտիվացիան։

  • Վերաիմաստավորեք, թե ինչո՞ւ եք անում ձեր աշխատանքը․ շատ հեշտ է մոռանալ, թե ինչո՞ւ ես իրականում սիրում քո աշխատանքը։ Տրամադրեք որոշակի ժամանակ հիշելու, թե ինչո՞ւ եք անում այն, ինչ անում եք։ Արմատներից սկսելը օգնում է ձեզ նայել իրավիճակին նոր տեսանկյունից։ Վստահ եղեք, որ ձեր նպատակները հստակ են և որոշակի։
  • Ճանաչեք, թե որտեղ եք կանգնած, գնահատեք առաջնորդելու ձեր մոտիվացիայի աստիճանը։ Մնացեք հույսով լեցուն և գտեք ինչ-որ դրական բան․ մոտիվացված առաջնորդներն առավելապես լավատեսներ են՝ անկախ, թե ինչ դժվարությունների են հանդիպել։ Ամեն անգամ, երբ դուք հանդիպեք տարբեր մարտահրավերների և պարտությունների, փորձեք գտնել թեկուզ մեկ դրական բան տվյալ իրավիճակում։ Այն կարող է շատ փոքր բան լինել, օրինակ՝ ինչ որ նոր ծանութություն, երկարաժամկետ նպատակ կամ ցավոտ կյանքի դաս։

Այս սովորույթները զարգացնելը ժամանակ և ջանքեր են պահանջում, սակայն ակնկալվող արդյունքները արժեն դրան։

Ամեն դեպքում կա որևէ դրական բան, եթե իհարկե ցանկանաք տեսնել այն։

  1. Էմպաթիա

Առաջնորդների համար ծայրահեղ կարևոր է էմպաթիան՝ կառավարելու և առաջնորդելու գործում։

Էմպաթիայով առաջնորդները կարողանում են իրենց դնել դիմացինի իրավիճակի մեջ։ Նրանք օգնում են իրենց թիմերի մեջ եղող մարդկանց զարգանալ, մարտահրավեր նետել մարդկանց, ովքեր անարդարացի են վարվում, տալիս են կառուցողական արձագանքներ, լսում են մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։

Եթե ցանկանում եք վաստակել ձեր կազմակերպության հարգանքն ու նվիրվածությունը, ապա էմպաթիկորեն հոգ տարեք նրանց մասին։

Ինչպե՞ս կարող եք բարելավել ձեր էմպաթիան։

  • Ձեզ դրեք ձեր դիմացինի տեղը․ դա կապահովի իրավիճակի հանդեպ ձեր տեսակետը, բայց հիշեք որ դա դեռ ձեր տեսակետն է։ Տրամադրեք համբերատարություն իրավիճակին նայելու դիմացինի առաջնահերթությունների տեսանկյունից։
  • Ուշադրություն դարձրեք «մարմնի լեզվին»։ Հնարավոր է երբ դուք լսում եք ինչ-որ մեկին, խաչում եք ձեռքերը, ոտքերը ուղղում դեպի դուրս, կամ կրծում ձեր շուրթերը։ «Մարմնի լեզուն» կարող է ավելին ասել ձեր վերաբերմունքի մասին դիմացինին։ Սովորելով կարդալ մարմնի լեզուն՝ դուք կարող եք իրապես առավելություն ունենալ առաջնորդի դիրքում, քանի որ առավել արդյունավետ կգնահատեք, թե ինչ են մարդիկ իրականում զգում։ Սա ձեզ հնարավորություն է տալիս արձագանքել համապատասխան ձևով։
  • Արձագանքեք զգացումներին․օրինակ՝ դուք խնդրում եք ձեր աշխատակցին նորից աշխատել արտաժամյա։ Միգուցե նա համաձայնվում է, բայց դուք անհամաձայնություն եք զգում նրա ձայնի մեջ։ Արձագանքեք ըստ իր զգացումների։ Ասեք նրան, որ գնահատում եք արտաժամյա աշխատանքը և որ իրականում ստիպված եք խնդրել աշխատել արտաժամյա։ Եթե հնարավոր է, փնտրեք վարձահատույց լինելու ճանապարհներ, օրինակ՝ տույլ տվեք երկուշաբթի առավոտյան հանգստանալ։
  1. Հասարակական հմտություններ։

Առաջնորդները, ովքեր տիրապետում են Հուզական բանականության հասարակական հմտություններին, հրաշալի հաղորդակցվողներ են։

Նրանք բաց են լսելու ինչպես դրական, այնպես էլ բացասական լուրեր, նրանք վարպետ են իրենց թիմին աջակցելու հարցում, և քաջալերված են նոր առաքելություն կամ նախաձեռնություն սկսելու հարցում։

Հասարակական հմտություններ ունեցող առաջնորդները առավել արդյունավետ են կառավարում փոփոխությունները և լուծում են կոնֆլիկտները դիվանագիտորեն։ Նրանք հազվադեպ են բավարարվում խնդիրները խնդիր թողնելով, կամ աշխատակիցներին ստիպելով աշխատել, իսկ իրենք գործից խույս տալով․ նրանք օրինակ են ծառայում սեփական վարմունքով և քայլերով։

Այսպիսով՝ ինչպե՞ս կարող ենք զարգացնել հասարակական կարողություններ։

  • Սովորե՛ք լուծել կոնֆլիկտները, առաջնորդը պետք է իմանա, ինչպես լուծել խնդրահարույց հարցեր իր թիմի անդամների հետ կապված, հաճախորդների կամ գործընկերների հետ։ Կոնֆլիկտներ լուծել սովորելը կենսական կարևոր է հաջողության հասնելու համար։
  • Բարելավե՛ք ձեր հաղորդակցման հմտությունները։ Սովորեք ինչպես գովել ուրիշներին․ որպես առաջնորդ՝ դուք կարող եք ոգեշնչել հավատարմության ձեր աշխատակիցներին՝ պարզապես գովելով նրանց։ Մարդկանց տեղին գովելը հրաշալի արվեստ է, բայց պետք է ջանք անել։

Ամփոփիչ խորհուրդներ

  • Արդյունավետ լինելու համար առաջնորդը պետք է հստակ պատկերացում ունենա, թե իր հույզերը և քայլերը ինչպե՞ս են անդրադառնում և ի՞նչ արձագանք են ունենում իրեն շրջապատողների վրա։
  • Որքան ավելի լավ առաջնորդը վերաբերվի և աշխատի այլ մարդկանց հետ, այնքան ավելի արդյունավետ կլինի։
  • Տրամադրեք ժամանակ ձեր ինքնաճանաչման, ինքնակառավարման, մոտիվացիայի, էմպաթիայի և հասարակական հմտությունների վրա։

Հուզական բանականությունը օգնում է ձեզ և ձեր թիմին բարձրանալ նոր բարձունքներ։

Հեղինակ՝ Գոռ Հովհաննիսյան

 

 

 

Comments

comments