Բարկությունը նորմալ մարդկային զգացմունք է, որի հետ մենք ժամանակ առ ժամանակ առնչվում ենք, անկախ նրանից թե դա մեր բարկությունն է, թե ուրիշի: Ցավոք սրտի, բարկությունը հաճախ սխալ է ընկալվում: Շատ մարդիկ մտածում են, թե բարկությունը քայքայիչ զգացմունք է, սակայն կան մարդիկ, որոնք բարկությանը վերաբերվում են, որպես կառուցողական զգացմունքի:
Բարկությունն ինքնին օգտակար, կարևոր և Աստծուց տրված զգացմունք է, սակայն միայն այն դեպքերում, երբ այն հստակ սահմանների մեջ է և կառավարելի է: Այն նպաստում է օրգանիզմին հաղթահարելու դժվար իրավիճակներ, բարձրացնում է ադրենալինի քանակությունն արյան մեջ: Շատ դեպքերում մարդիկ բարկություն են համարում միայն բուռն դրսևորված պահվածքը, սակայն այն կարող է արտահայտվել լռությամբ, և այս դեպքում ևս մարդը կարող է կրկին լինել բարկության գերին և հետագա քայլերը թելադրվեն բարկությամբ: Այն ունի նույնքան վնասակար ազդեցություն օրգանիզմի վրա, որքան և արտահայտված բուռն բարկությունը: Համաձայն բժշկական հետազոտությունների բարկացող մարդիկ ավելի հակված են սիրտ-անոթային հիվանդություններով տառապելուն, քան այն մարդիկ, ովքեր կարողանում են կառավարել բարկությունը: Նաև բարկությունը նպաստում է խոցի, շատակերության, դեպրեսիայի, անքնության զարգացմանը:
Բարկություն առաջացնող պատճառները բազմաթիվ են. հարազատի կորուստ, հոգնածություն, ցավ, սով, ալկոհոլ, որոշ դեղերի ընդունում, ժամկետներ, խցանումներ, ձախողումներ, նախադաշտանային համախտանիշ, հիասթափություններ, ֆինանսական խնդիրներ և այլն: Եթե իմանանք պատճառները, կարող ենք որոշ չափով նվազեցնենք նաև բարկությունը: Սակայն ոչ միշտ կարող ենք խուսափել բարկություն և հաճախ մեր առջև դրված խնդիր է ոչ թե չբարկանալը այլ բարկության կառավարումը: Բարկության կառավարման համար անհրաժեշտ է նախ և առաջ մտքի նորոգություն, այն պետք է լուծվի մարդու մտքի մակարդակում և այնուհետև բժշկված միտքը կանդրադառնա պահվածքի և հետագա ապրելակերպի վրա:
Բարկության կառավարման համար մշակվել են մի շարք գործնական խորհուրդներ, այն է՝
Ա) Իմացիր, որ բակությունը խոցելիության նշան է, այն առաջ է բերում արժեզրկվածության զգացողություն
Բ) Երբ բարկացած ես, մտածիր կամ ինչ որ բաներ արա, որն անելով դու կզգաս քեզ արժեքավոր կամ գնահատված
Գ) Մի վստահիր քո դատողությանը, երբ բարկացած ես: Բարկությունը մեծացնում է միայն խնդրի բացասական կողմերը
Դ) Փորձիր տեսնել խնդրին տարբեր տեսանկյուններից: Բարկությունը նեղացնում և կարծրացնում է մտածելակերպը և թույլ չի տալիս, որ նայենք խնդրին ամբողջական:
Ե) Փորձիր հասկանալ այլ մարդկանց տեսակետները: Երբ բարկացած ես, կարծում ես, որ ամեն ինչում մեղավորը դիմացի անձնավորությունն է
Զ) Մի արդարացրու քո բարկությունը
Է) Ճանաչիր քո ֆիզիկական և մտավոր կարողությունները: Ավելի հաճախ մարդը բարկանում է, երբ հոգնած է, սոված է, հիվանդ է, տագնապի մեջ է, և այլն:
Ը) Կենտրոնացիր բարելավման և վերականգնամն վրա, քան քննադատման վրա: Դժվար է մնալ բարկացած և ոչ մեկին չմեղադրել, բայց ավելի դժվար է մեղադրել, երբ կենտրոնացած ես բարելավման և կառուցման վրա:
Թ) Կենտրոնացիր խնդրի լուծման վրա, ոչ թե միայն խնդրի վրա
Ժ) Իմացիր, որ ՛Ես՛ բառն ավելի կառուցողական է, քան ՛Դու՛ բառը: Օրինակ, “Ես այս հարցին այլ կերպ եմ նայում, այն ինձ բարկացնում է: Կարո՞ղ ենք միասին նստել և զրուցել” ավելի լավ է, քան “Ինչու՞ դու այս հարցն առաջ քաշեցիր”:
Քրիստինա Ալիխանյան
Երևանի Պետական Բժշկական համալսարանի Ֆարմակալոգիայի ամբիոնի դոցենտ:
ACMA (Հայ Քրիստոնյա Բժիշկների Ասոցիացիա) հասարակական կազմակերպության տնօրեն: